Կառքը սրընթաց գնում էր խավարչտին փողոցներով, և մթության մեջ հազիվհազ տարորոշվում էին բարձր տները։ Կռթնած կառքի վարդագույն բարձերին՝ կինն ինձ էր նայում գորովագութ հայացքով և անձկությամբ խնդրում իրեն «մայր» անվանել։ Վրդովված շեշտով նա մեղադրում էր ծնողներիս, որ հանդուրժել էին անփորձ, անպաշտպան պատանուս մենակ թողնել դժոխքի մեղքերով թրծված այս մեծ քաղաքում, ուր ամեն վայրկյան կարող էի սայթաքել։ Քիչ անց մտանք նրա առանձնատունը։ Ես սանդուղքների վրա կանգ առա շփոթված ու անհամարձակ։ Բայց սգավոր կինն ինձ նայեց այնպիսի գորովագութ աչքերով, որ աներեր հետևեցի նրան։ Նա ինձ առաջնորդեց մի գողտրիկ սենյակ՝ զարդարված մուգ թավշյա վարագույրներով, արդուզարդի պարագաներով։ Երբ նստեցինք ընթրիքի ես արդեն պաշտում էի այդ չնաշխարհիկ էակին և բարձրակենցաղ մթնոլորտում զգում որպես այդ տան անդամը։ Ընթրիքը նրբաճաշակ էր, մատուցումը՝ բարձրորակ։ Վշտալլուկ կինը անսեթևեթ պարզությամբ հյուրասիրում էր ինձ՝ անընդհատ ափսեիս մեջ դնելով զանազան աղանդերներ։