Առաջադրանք.
1. Հայաստանի խորհրդայնացումից հետո իշխանության ի՞նչ մարմիններ ստեղծվեցին:
2. Ներկայացրե՛ք Խորհրդային Հայաստանի դիվանագիտական կապերը…համեմատե՛ք ներկայիս Հայաստանի դիվանագիտական կապերի հետ /գրավոր-բլոգային աշխատանք/.
Հեղկոմներ ստեղծվեցին ամբողջ երկրում։ Դրանք գործադիր մարմիններ էին։ Վերացվեց հին պետական համակարգը, ստեղծվեց նորը, կազմավորվեցին գավառային, շրջանային, ինչպես նաև գյուղական հեղկոմներ։ Հին դատական համակարգին փոխարինելու եկան «ժողովրդական դատարանները» և «հեղափոխական տրիբունալը»։ Վերացվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները, որոնց փոխարինեց Խորհրդային Ռուսաստանի օրենսդրությունը։ Հեղկոմները գոյատևեցին շուրջ մեկ տարի, որից հետո նրանց փոխարինեցին ընտրովի խորհուրդները։ Խորհրդային իշխանությունը չուներ սոցիալական մեծ հենարան և ամրապնդման համար այլախոհների նկատմամբ դիմեց բռնության։ Առաջին զանգվածային բռնությունները տեղի ունեցան նոր իշխանության հաստատումից հետո։ Դրանք կիրառվեցին Դաշնակցություն կուսակցության, պառլամենտի ու նախկին կառավարության անդամների և բանակի սպայության նկատմամբ։ Ծառայությունից ազատվեց և Հայաստանից հեռացվեց բանակի հրամանատար Դրոն։
Խորհրդային Հայաստանը չեղյալ հայտարարեց նախկին իշխանության պայմանագրերը և հաստատեց դիվանագիտական կապեր մի շարք երկրների հետ։ Հայաստանի ներկայացուցչություններ հաստատվեցին Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում ,Ադրբեջանում։ Հյուպատոսություններ էին գործում Սուխումում, Բաթումում, Վլադիկավկազում, Տաշքենդում։ Հայաստանը կապեր ուներ Պարսկաստանի և Թուրքիայի հետ։ Դժվարություններ գոյություն ունեին Թուրքիայի հետ հարաբերություններում, որի զորքերը շարունակում էին գտնվել Ալեքսանդրապոլում։ 1922թ. հանրապետության ներկայացուցիչը Ռուսաստանի պատվիրակության կազմում մասնակցեց Ջենովայի կոնֆերանսին, իսկ ռուս-գերմանական պայմանագրով Գերմանիան ճանաչեց ՀԽՍՀ-ը։ Մի շարք երկրների հետ գոյություն ունեին տնտեսական-առևտրական կապեր։ Կոստանդնուպոլսում Հայաստանի ներկայացուցչի միջոցով տնտեսական կապեր էին հաստատվել Եվրոպայի և Ամերիկայի հայկական համայնքների հետ։ Շարունակվում էր Մերձավոր Արևելքում Օգնության ամերիկյան կոմիտեի նպաստը հայ ժողովրդին։ 1921թ. մարդասիրական օգնություն կազմակերպեց նաև Անգլիական օգնության կոմիտեն։ Նրա միջոցներով Միջագետքից Հայաստան փոխադրվեցին հայ գաղթականների մեծ խմբեր։ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության մեջ աստիճանաբար ուժեղանում էր Խորհրդային Ռուսաստանի ազդեցությունը։