Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել 450-451 թվականներին որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր։
Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։Այդ պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար։ Չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք կազմակերպել ապստամբական գործը։ Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին,գերի է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Աշուշային՝(Գուգարքի բդեշխ )։Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել։ Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ քաղաքի մոտ,որը այժմ՝ կոչվում է Ղազախ և գտնվում է Ադրբեջանում:Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք[4]։ Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը վերադառնում է Ճորա պահակի ամրություններից Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու։
451 թվականի գարնանը Հազկերտը պարսկական զորքերի հրամանատարի՝Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում Մարզպանական Հայաստան։ Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան։ Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում։ Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին։ Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր։ Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ[1]։ Ավարայրի ճակատամարտիցհետո շատ հայ նախարարներ ամրանում են բերդերում և շարունակում պայքարը։ Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին 463-464թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք։