Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.

:Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Ենթադրվում է, որ Մաշտոցը ծագումով եղել է ազնվական: Մեսրոպ Մաշտոցը կրթությունն ստացել է նախ Տարոնում, ապա Անտիոքում և վերջապես Էջմիածնում` Ներսես Մեծ վեհափառի մոտ: Տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Վաղարշապատ մայրաքաղաքում ծառայության է մտել հայոց Արշակունի թագավորների պալատում: Եղել է դիվանատան քարտուղար, զինվորական աստիճանավոր:

Մաշտոցը խորանում է քրիստոնեական հավատի մեջ, ուսումասիրում է «Աստվածաշունչ»-ը: 394-395 թվականներին Մաշտոցն ապրել է ճգնավորի կյանքով. մեծ գործից առաջ նա հոգեպես մաքրագործվել է: Իր շուրջ համախմբված աշակերտների հետ Գողթնում և Սյունիքում զբաղվել է քարոզչությամբ:

Մաշտոցը և Սահակ Պարթևին միասին հղանում են հայ ժողովրդի համար այբուբեն ստեղծելու գաղափարը: Այդ կապակցությամբ Վաղարշապատում ժողով են գումարում, որին մասնակցում են հայոց եպիսկոպոսները: Բոլորը միաբերան ողջունում են հայոց այբուբեն ունենալու պահանջը: Ժողովի նպատակների մասին նրանք պատմում են հայոց Վռամշապուհ արքային: Արքան տեղյակ էր Դանիել անունով ասորի եպիսկոպոսի մոտ պահվող հայոց այբուբենի մասին:Այդ այբուբենով Մաշտոցը սովորեցնում է աշակերտներին, կազմակերպում է կրթության գործը: Սակայն ուսուցման ընթացքում պարզվում է, որ դանիելյան այբուբենը թերի է և հայոց լեզվի վանկային կապերն ամբողջությամբ չի արտահայտում: Ահա այս պայմաններում, գրերի հարցը վերջնականապես լուծելու նպատակով, Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ մեկնում է Միջագետք, հանդիպում Դանիել եպիսկոպոսին և, նախկինից ավելի բան չգտնելով, անցնում Ասորիք, լինում Եդեսիա, Սամոսատ և Ամիդ քաղաքներում, հանդիպում ժամանակի գիտուն մարդկանց: Եդեսիայում նա ստեղծում է հայոց այբուբենը: Ըստ Կորյունի` Մաշտոցը հայոց այբուբենն ստեղծել է մահից 35 տարի առաջ` 405 թվականին: Գրերն ստեղծելուց հետո նա դրանք «նշանակեց, անվանեց ու դասավորեց». Նա հայոց տառերը տեսնում է հոգու աչքերով, տեսիլքի մեջ. «Եվ աղոթքից վեր կենալով` ստեղծեց մեր նշանագրերը»: Այսինքն, ըստ Խորենացու` հայոց գրերը Մաշտոցն ստեղծել է ոչ թե Եդեսիայում, այլ Սամոսատում: Տառերն ստեղծելուց անմիջապես հետո աշակերտների հետ Մաշտոցն սկսում է թարգմանել «Աստվածաշունչ»-ը: Նախ թարգմանում է Սողոմոնի առակները. ծնվում է հայերեն առաջին նախադասությունը. «Ճանաչել զի­ մաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»:

Գիրը դառնում է գրավոր հիշողություն և նոր կյանք հաղորդում հայ ժողովրդին: Այնուհետև Մաշտոցն սկսում է կրթական գործը, զարկ տալիս թարգմանական աշխատանքին և գրչությանը: Մաշտոցի աշակերտներից էին Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Դավիթ Անհաղթը, Ղազար Փարպեցին և շատ ուրիշներ: Հայոց լեզվով Մաշտոցը նաև քարոզչություն է անում ժողովրդի մեջ` դուրս մղելով օտար և անհասկանալի լեզուները: Նա նաև նպաստում է այդ երկրներում քրիստոնեության ամրապնդմանն ու կրթական գործի զարգացմանը:

Հայոց գրերի ստեղծումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ պատմական շատ մեծ նշանակություն: Մաշտոցյան գրերից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, կրթական գործը, մատենագրությունը, նոր թափ ստացավ հոգևոր գործը: Գրերի գյուտով ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը: Եկեղեցու դիրքի ամրապնդումը նպաստեց հայապահպանմանը և հայագիտության զարգացմանը: Ձևավորվում են առանձին գիտաճյուղեր` պատմագրությունը, քերականագիտությունը, վարքագրությունը, իմաստասիրությունը, աստվածաբանությունը: Թարգմանություններն ուղեկցվում են նաև ինքնուրույն գրականության ստեղծմամբ` գրվում են շարականներ, ապաշխարանքի երգեր, քարոզներ, ճառեր:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started