Կենսագրություն 

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922թթ. «Հիշատակարան» գրառումներով։ 

Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով. բանաստեղծի ստեղծագործական տեսադաշտում է գտնվել նաև հեքիաթը։ Հաշվի առնելով ժանրի ձևակաղապարային, ոճական առանձնահատկությունները` Իսահակյանը հեքիաթը դիտարկում է որպես հայկական արձակը զարգացնելու նմուշ-նախատիպ.

Ես գրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը, պատկերները մեր հեքիաթների ոճով, ոգով, ձևով. ա՛յդ է հայկական պրոզաձևը, դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը: Գրել, գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար, հայնակ գրել…»: Նման նկատառումների իրագործումը, Իսահակյանի կարծիքով, պետք է ուղեկցվեր հեքիաթների խորազննությամբ` «Ուսումնասիրել մեր հեքիաթներն ու երգերը»:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started