Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին
Կոմիտասը ՝Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Կուտինա քաղաքում։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։
Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Հումբոլդտ համալսարանի փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:
1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։
1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։
1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։
1881-1893-ին Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին բացահայտվում են Սողոմոնի երաժշտական ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։
1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։