Մուսա լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր, որոնց բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ :1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության Մուսա լեռան վրա: Հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը, մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը տևեց 2 օր: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ և նահանջեցին: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ, վերջանում էին պարենն ու ռազմամթերքը, պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար:

Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ աղերսագիր: Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում։ Մուսալեռցիները պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները փոխադրվեցին Պորտ Սաիդ , ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:


Հարիսա
Մուսա լեռան վրա բացի ցորենից ու գառան մսից ուրիշ բան չկար։Այդ 2 բաղադրիչները ջրով խառնում են իրար , հարում և այստեղից էլ ուտելիքը ստացավ «հարիսա» անունը։Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո յուրաքանչյուր ընտանիք սկսեց ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրը պատրաստել հարիսա նշելով հաղթանակի օրը։


Հուշարձան
Հուշարձանը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը։ Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտումզոհված մուսալեռցիների շիրիմները։


5 thoughts on “Հերոսապատում։Մուսա լեռան հերոսամարտ”