Խորխե ԲուկայԵրեխաները մենակ էին

Մայրը առավոտյան շուտ գնաց և երեխաներին թողեց տասնութամյա աղջկա խնամքին, ում նա հաճախ, ոչ մեծ գումարով, հրավիրում էր մի քանի ժամով:

Իրենց հոր մահից հետո դժվար ժամանակներ էին եկել: Կարելի էր կորցնել աշխատանքը, եթե ամեն անգամ մնար տանը այն դեպքերում, երբ տատիկը չէր կարող գալ երեխաների մոտ, հիվանդանար կամ քաղաքից բացակայեր:

Ճաշից հետո Մարինան երեխաներին պառկեցրեց քնելու: Այդ ժամանակ զանգահարեց նրա ընկերը և հրավիրեց շրաջագայելու իր նոր մեքենայով: Աղջիկը առանձնապես չմտածեց: Վերջապես, սովորաբար երեխաները հինգից շուտ չէին արթնանում:

Լսելով մեքենայի ազդանշանը, նա վերցրեց իր պայուսակը և անջատեց հեռախոսը: Նա կանխամտածված փակեց երեխաների սենյակի դուռը և բանալին դրեց պայուսակը: Չէր ցանկանում, որ Պանչոն, արթնանալով, աստիճաններով իջնի իր ետևից: Նա ընդամենը վեց տարեկան էր և կարող էր սայթաքել, գլորվել ու վնասվել: Բացի դա, մտածեց, թե ինչպես պետք է մորը բացատրի, որ երեխան իրեն չի գտել:

Ի՞նչ պատահեց: Կարճ միացո՞ւմ էր աշխատող հեռուստացույցում, թե սենյակի միացված լամպերում… բուխարիկից ընկած կա՞յծ: Բայց այնպես ստացվեց, որ վարագույրները բռնկվեցին և կրակը արագորեն հասավ ննջարան տանող փայտե աստիճաններին:

Դռան տակից ներթափանցող ծխից երեխան հազաց և արթնացավ: Առանց մտածելու Պանչոն թռավ անկողնուց և փորձեց դուռը բացել: Հրեց դուռը, բայց չկարողացավ բացել:

Եթե նրան հաջողվեր, ապա ինքը և ծծկեր եղբայրը մի քանի րոպեից կզոհվեին կրակի կատաղած բոցերում:

Պանչոն գոռաց, դայակին կանչեց, բայց ոչ ոք չպատասխանեց նրա օգնության կանչերին: Վազեց դեպի հեռախոսը, որ մորը զանգահարի, բայց հեռախոսն անջատված էր: Պանչոն հասկացավ, որ հիմա միայն ինքը պետք է ելք գտնի և փրկի իրեն ու եղբորը: Փորձեց բացել պատուհանը, որը դրսից քիվ ուներ, բայց նրա փոքրիկ ձեռքերի բանը չէր փականը բացելը: Եթե նույնիսկ հաջողվեր, ստիպված կլիներ հաղթահարել նաև ճաղվանդակը, որը տեղադրել էին նրա ծնողները:

Երբ հրշեջները կրակը հանգցրեցին, բոլոր խոսում էին միայն ՄԻ ԲԱՆԻ մասին.

-Ինչպե՞ս է կարողացել այդ փոքրիկը կախիչով կոտրել պատուհանը և ճաղավանդակը:

-Ինչպե՞ս է նրան հաջողվել փոքրիկ եղբորը խցկել ուսապարկի մեջ:

-Ինչպե՞ս է նրան հաջողվել այդ բեռով անցնել քիվով և ծառով իջնել:

-Ինչպե՞ս է նրանց հաջողվել փրկվել:

Հրշեջ խմբի տարիքով ղեկավարը՝ իմաստուն և հարգված մի մարդ, նրանց պատասխանեց.

-Պանչիտոն մենակ էր…չկար մեկը, որ նրան ասեր, թե ինքը չի կարող:

Քիթը։   Ֆերնանդու Վերիսիմու

Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ…
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.
– Ո՞ւր ես գնում:
– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
– Բայց այդ քթո՞վ:
– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:
– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:
– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:
– Բայց ինչո՞ւ:
– Իսկ ինչո՞ւ ոչ:
Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:
– Հայրի՛կ…
– Այո, աղջիկս:
– Կարո՞ղ ենք զրուցել:
– Իհարկե կարող ենք:
– Այդ քո քթի մասին…
– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:
– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք նկատի՞:
– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:
– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
– Չունի, որովհետև չի ուզում:
– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում ,որ մի բան փոխվել է:
– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:
– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:
– Բայց, բայց…
– Աղջիկս…
– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:
– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

Հարցարան

1. Ցո՛ւյց տվեք պատմվածքի փոխաբերական իմաստը: Ո՞րն է հեղինակի ասելիքը:

Փոխաբերական իմասը քիթն էր։ Այս պատմվածթում քիթը հանդիսանում է որպես անձի փոփոխություն։

2. Հիմնավորված պատասխանե՛ք պատմվածքի հերոսի հարցին. «Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:»:

նա քիթ կրում էր, որովհետև նա ուզում էր իր արտաքինի մեջ փոփոխություն մտցնել, սակայն դա ոչ ոքի դուր չէր գալիս։ Նա քիթ կրելով մարդկությանը ուզում էր ապացոցել, թե միայն նա կարող է ապրել այնպես, ինչպես ինքն է ուզում։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started