Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Հայաստանը 11-14-րդ դարերում․
ա/ Հայաստանը 11-րդ դարի 2-րդ կեսին
բ/ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը օտար նվաճողների դեմ /բանավոր, էջ 167-174, նաև այլ աղբյուրներ/․
Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները։
Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:
1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ:
Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:
Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:
Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:
1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:
1064թ. բյուզանդական զորքերն այս անգամ ևս դիտողի դերում էին: Երբ սելջուկները պաշարեցին Անին, քաղաքի բյուզանդական կայազորը քաշվեց միջնաբերդ և անտեր թողեց բնակչությանը: Թշնամին փլատակների կույտի վերածեց ծաղկուն քաղաքը: Կարսի, Սյունիքի և Տաշիր-Ձորագետի թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկ-թուրքերին և փրկվեցին ավերածություններից: Այսպես նվաճվեցին Այրարատյան դաշտը և Հայաստանի հյուսիսային շրջանները:
Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:
Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:
2․ 13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում հայկական ո՞ր իշխանությունները պահպանեցին իրենց դիրքերը /բլոգային աշխատանք/․
13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում իրենց դիրքերը պահում էին Օրբելյանները՝ Սյունիքում, Դոփյանները՝ Վերին Խաչենում, Հասան-Ջալալյանները՝ Ներքին Խաչենում, Ազիզբեկյանները՝ Արայի լեռան շրջանում։
Օրբելյաններ
Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում, Ցախաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդեվանքում, Մամասի վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր։ Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում։
Բուրթել Օրբելյանի օրոք Սյունիքն ապրել է տնտեսական վերելք, աշխուժացել է մշակութային կյանքը։ Մետրոպոլիտներ Հովհաննես Օրբելու և Ստեփանոս-Տարսայիճի աջակցությամբ եռանդուն շինարարական գործունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցին, Եղեգիսի Զորաց տաճարը, Սպիտակավոր Աստվածածինը, Սելիմի իջևանատունը, Ամաղուի Նորավանքի կրկնահարկ դամբարան եկեղեցին։