
Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում (անգլ.՝ Woolsthorpe, Լինկոլնշիր կոմսություն) քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Նյուտոնի հայրը՝ փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը (1606-1642) չի ապրել մինչև որդու ծնունդը։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել[13]։ Այդուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի) և ստացավ Իսահակ (անգլ.՝ Isaac Newton) անունը՝ ի հիշատակ իր հոր։ Սուրբ Ծննդյան տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համարում էր ճակատագրի հատուկ նշան[14]: Չնայած նորածնի տկարությանը, նա ապրեց 84 տարի։
Նյուտոնն անկեղծորեն համարում էր, որ իր տոհմը սերում է XV դարի շոտլանդական ազնվականներից, սակայն պատմաբանները հայտնաբերել են, որ 1524 թվականին նրա նախնինները եղել են աղքատ գյուղացիներ[15]: XVI դարավերջին ընտանիքը հարստացել է և անցել յոմենների կարգ (հողագործներ)։ Նյուտոնի հայրը թողել էր այն ժամանակի համար մեծ ժառանգություն՝ 500 ֆունտ ստեռլինգ գումար և մի քանի հարյուր ակր բերրի հողեր՝ դաշտերով ու անտառներով:
1646 թվականի հունվարին Նյուտոնի մայրը՝ Աննա Էյսքոուն (անգլ.՝ Hannah Ayscough) (1623-1679) նորից ամուսնացել է: Նոր ամուսնուց՝ 63-ամյա ամուրիից, նա ունեցել է երեք երեխա և սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել Իսահակին: Տղայի հովանավորն է դարձել մորեղբայրը՝ Վիլյամ Էյսքոուն: Ժամանակակիցների վկայությամբ՝ Նյուտոնը մանկության տարիներին լռակյաց էր, ինքնամփոփ և մեկուսացած, սիրում էր կարդալ և ստեղծել տեխնիկական խաղալիքներ՝ արևային և ջրային ժամացույցներ, հողմաղաց և այլն։ Ողջ կյանքում նա իրեն միայնակ զգաց[16]։
1653 թվականին մահանում է խորթ հայրը, որի ժառանգության մի մասն անցնում է Նյուտոնի մորը և անմիջապես այն ձևակերպվում է Իսահակի անունով։ Մայրը վերադառնում է տուն, սակայն հիմնական ուշադրությունը հատկացնում է երեք փոքրիկ երեխաներին ու ընդարձակ տնտեսությանը։ Իսահակը առաջվա պես մնում է անուշադրության մատնված։1661 թվականի հունիսին 18-ամյա Նյուտոնը ժամանում է Քեմբրիջ: Կանոնադրության համաձայն՝ նրանից ընդունում են լատիներեն լեզվի իմացության քննություն, որից հետո հայտնում են, որ նա ընդունվել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջ (Սուրբ Երրորդության քոլեջ): Այս ուսումնական հաստատության հետ են կապվում Նյուտոնի կյանքի ավելի քան 30 տարիները:1664 թվականի ապրիլին Նյուտոնը, հանձնելով քննությունները, տեղափոխվում է ավագ ուսանողների ավելի բարձր կատեգորիա՝ սքոլարներ (անգլ.՝ scholars), ինչը տալիս է նրան իրավունք կրթաթոշակ ստանալու և ուսումը քոլեջում շարունակելու:
1666 թվականի մարտ-հունիս ամիսներին Նյուտոնը այցելում է Քեմբրիջ: Սակայն, ամռանը ժանտախտի նոր ալիքը պարտադրում է նրան նորից ուղևորվել տուն: Վերջապես 1667 թվականի սկզբին համաճարակը հանդարտվում է, և ապրիլին Նյուտոնը վերադառնում է Քեմբրիջ: Հոկտեմբերի 1-ին նա ընտրվում է Թրինիթի քոլեջի անդամ, իսկ 1668 թվականին դառնում է մագիստրոս: Նրան ապրելու համար տրամադրում են լայնարձակ առանձին սենյակ, նշանակում են աշխատավարձ (տարեկան 2 ֆունտ) և հանձնում են մի խումբ ուսանողների, որոնց հետ նա շաբաթական մի քանի ժամ բարեխղճորեն պարապում էր ստանդարտ ուսումնական առարկաներ: Սակայն, ոչ այն ժամանակ, ոչ էլ ավելի ուշ Նյուտոնը աչքի չընկավ որպես դասավանդող, նրա դասաախոսություններին վատ էին հաճախում[25]։
Ուժեղացնելով իր դիրքերը՝ Նյուտոնը ուղևորվում է Լոնդոն, որտեղ 1660 թվականին, կարճ ժամանակ դրանից առաջ ստեղծվել էր Լոնդոնյան թագավորական ընկերությունը՝ հայտնի գիտական գործիչների հեղինակավոր կազմակերպություն, որը առաջիններից մեկն էր որպես Գիտությունների ակադեմիա։ Թագավորական ընկերության տպագիր օրգանը «Փիլիսոփայական աշխատանքներ» ամսագիրն էր, (անգլ.՝ Philosophical Transactions):1669 թվականին Եվրոպայում սկսեցին ի հայտ գալ մաթեմատիկական աշխատանքներ, որոնցում կիրառվում էին անվերջ շարքերի տարրալուծումը:
Նույն թվականին Բարոուն թագավորից ընդունում է հրավեր, դառնալու պալատական կապելլան և թողնում է դասավանդումը։ 1669 թվականի հոկտեմբերի 29-ին 26-ամյա Նյուտոնը ընտրվում է նրան փոխարինող Թրինիթի քոլեջի մաթեմատիկայի և օպտիկայի «լուկասովյան պրոֆեսորի» պաշտոնում: Այդ պաշտոնի համար Նյուտոնը ստանում է տարեկան 100 ֆունտ աշխատավարձ, չհաշված մնացած բոնուսներն ու թոշակը Թրինիթիից։ Նոր պաշտոնը նաև Նյուտոնին հնարավորություն էր տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել սեփական հետազոտություններին։ Բարոուն թողնում է Նյուտոնին ընդարձակ ալքիմիայի լաբորատորիա, քանի որ այդ ժամանակահատվածում Նյուտոնը լուրջ տարված էր ալքիմիայով, կատարում էր մի շարք քիմիական փորձեր:

Նյուտոնի Ռեֆլեկտոր
Միաժամանակ Նյուտոնը շարունակում է փորձարկումները օպտիկայի և գույների տեսության բնագավառում։ Նյուտոնը հետազոտում է սֆերիկ և քրոմատիկշեղումները: Դրանք նվազագույնի հասցնելու համար, նա ստեղծում է համակցված գործիք՝ աստղադիտակ-ռեֆլեկտոր՝ ոսպնյակ և գոգավոր գնդաձև հայելի, որը սարքել, հղկել և փայլեցրել էր անձամբ։ Այդպիսի հեռադիտակի նախագիծը առաջին անգամ առաջարկել է Ջեյմս Գրեգորին (1663), սակայն այդ գաղափարը այդպես էլ չէր իրականացվել։ Նյուտոնի առաջին կոնստրուկցիան (1668) պարզվեց անհաջող էր, սակայն արդեն հաջորդը, ավելի զգույշ հղկված, փայլեցված հայելիով, չնայած ոչ մեծ չափսերի, տալիս է բարձրորակության 40-ապատիկ բարձրացում։
Նոր սարքավորման լուրը արագ տարածվում է մինչև Լոնդոն, և Նյուտոնին հրավիրում են ցուցադրելու իր գյուտը գիտական հասարակությանը։ 1671 թվականի վերջին՝ 1672 թվականի սկզբներին տեղի ունեցավ ռեֆլեկտորի ցուցադրումը թագավորին, իսկ հետո՝ Թագավորական ընկերությանը։ Սարքը դարձավ համընդհանուր հիացմունքի առարկա և համընդհանուր բարձր գնահատականի արժանացավ: Հավանաբար, իր դերը նաև խաղաց և գյուտի գործնական նշանակությունը՝ աստղագիտական դիտարկումները ծառայեցին ժամանակի ճշգրիտ որոշման համար, ինչն էլ իր հերթին անհրաժեշտ էր ծովում նավարկելու համար։ Նյուտոնը հայտնի դարձավ և 1672 թվականի հունվարին ընտրվեց Թագավորական ընկերության անդամ։ Հետագայում կատարելագործված ռեֆլեկտորները դարձան աստղագետների հիմնական գործիքները, որոնց օգնությամբ հայտնաբերվեցին Ուրան մոլորակը, այլ գալակտիկաներ, կարմիր շեղումը:
Սկզբնական շրջանում Նյուտոնը թանկ էր գնահատում Թագավորական ընկերության իր գործընկերների հետ շփումը, որտեղ բացի Բարուից, կայացել էին նաև Ջեյմս Գրեգորին, Ջոն Վալլիսը, Ռոբերտ Հուկը, Ռոբերտ Բոյլը, Քրիստոֆեր Ռենը և անգլիական գիտության այլ հայտնի գործիչներ։ Այնուամենայնիվ, շուտով սկսվում են ձանձրալի հակամարտություններ, որոնք Նյուտոնը բացարձակ չէր սիրում։1670-ականների վերջը Նյուտոնի համար տխուր էր։ 1677 թվականի մայիսին անսպասելի մահանում է 47-ամյա Բարոուն։ Այդ նույն տարվա ձմռանը Նյուտոնի տանը բռնկվում է ուժեղ հրդեհ և նրա ձեռագիր արխիվի մի մասը այրվում է։ 1677 թվականի սեպտեմբերին մահանում է Նյուտոնի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ունեցող Օլդենբուրգի Թագավորական Ընկերության քարտուղարը: Նոր քարտուղար է դառնում Հուկը, որը Նյուտոնի նկատմամբ վերաբերվում էր թշնամաբար։ 1679 թվականին ծանր հիվանդանում է մայրը՝ Աննան։ Նյուտոնը թողնելով բոլոր գործերը, մեկնում է նրա մոտ, ակտիվ մասնակցություն ունենում հիվանդի խնամքին, սակայն մոր վիճակը արագորեն վատանում է, և նա մահանում է։ Մայրը և Բարոուն այն փոքրաթիվ մարդկանց թվին էին պատկանում, որոնք Նյուտոնի միայնությունը լուսավորողներն էին[28]։
Ինչպես ֆիզիկական, այնպես էլ մաթեմատիկական մակարդակով Նյուտոնի աշխատանքը որակապես գերազանցում է իր բոլոր նախորդների աշխատանքներին: Այնտեղ բացակայում է արիստոտելյան և դեկարտյան մետաֆիզիկան՝ նրա մռայլ դատողություններով և անհասկանալի ձևակերպումներով հաճախ մտացածին «սկզբնապատճառներով» բնական երևույթներին: Նյուտոնն, օրինակ չի հայտարարում հանդիսավորությամբ, թե բնության մեջ գործում է ձգողականության օրենքը, նա խիստ ապացուցում է այդ փաստը, մոլորակների և դրանց արբանյակների շարժման պատկերի դիտարկման հիման վրա: Նյուտոնի մեթոդն էր երևույթի մոդելիստեղծումը, «չհորինելով հիպոթեզ», իսկ հետո արդեն եթե տվյալները բավարարում են, դրա պատճառների որոնումը: Այդպիսի մոտեցումը, որի սկիզբը դրեց Գալիլեյը, նշանակում էր հին ֆիզիկայի ավարտը: Բնության որակական նկարագիրը իր տեղը զիջեց քանակականին: Գրքի զգալի մասը զբաղեցնում են հաշվարկները, գծագրերը և աղյուսակները:
Իր գրքում Նյուտոնը հստակ սահմանել է մեխանիկայի հիմնական հասկացությունները, ընդ որում ներկայացրել է մի քանի նորը, ներառյալ այնպիսի կարևոր ֆիզիկական մեծություններ, ինչպիսին զանգվածն է, արտաքին ուժը և շարժման քանակը: Ձևակերպվում են մեխանիկայի երեք օրենքները: Կեպլերի օրենքներից բերված է խիստ հետևություն ձգողականության օրենքի համար : Նշենք, որ կային նկարագրություններ և երկնային մարմինների Կեպլերին անհայտ հիպերբոլիկ և պարաբոլիկ ուղեծրեր: Կոպերնիկոսի արևակենտրոն համակարգի ճշմարտացիությունը Նյուտոնը ուղղակիորեն չի քննարկում, սակայն ենթադրում է, նա նույնիսկ գնահատում է Արեգակնային համակարգի զանգվածի կենտրոնից Արևի շեղումը[31]: Այլ խոսքով՝ Արեգակը Նյուտոնի համակարգում, ի տարբերություն կեպլերյանի, չի հանգստանում, այլ ենթարկվում է շարժման ընդհանուր օրենքին: Ընդհանուր համակարգին ներառված են և գիսաստղերը, որոնց ուղեծրերի տեսքը այդ ժամանակ մեծ տարաձայնություններ էր առաջացրել:Նյուտոնը մաթեմատիկական ապարատը և գրքի ընդհանուր կառուցվածքը կազմեց այդ ժամանակի գիտական խստության չափորոշիչին՝ Էվկլիդեսի «Սկիզբ» աշխատությանը առավելագույնս մոտ։ Նա գիտակցաբար մաթեմատիկական անալիզը գրեթե ոչ մի տեղ չէր կիրառում, քանի որ նոր, անսովոր մեթոդների օգտագործումը կարող էր վտանգել վստահությունն արդյունքների հավաստիության նկատմամբ։ Այդ զգուշությունը, բայց և այնպես, արժեզրկեց նյուտոնյան շարադրված եղականը հաջորդ սերնդի ընթերցողների համար։ Նյուտոնի գիրքը առաջին աշխատանքը եղավ նոր ֆիզիկայի և միաժամանակ մեկն այն վերջին լուրջ աշխատանքներից, որոնցում օգտագործված են մաթեմատիկական հետազոտության հին մեթոդները։ Նյուտոնի բոլոր հետևորդները արդեն օգտագործում էին նրա ստեղծած մաթեմատիկական վերլուծության հզոր մեթոդները։ Նյուտոնի գործի մեծագույն շարունակողները եղան Դ’Ալամբերը, Էյլերը, Լապլասը, Կլերոն, Լագրանժը։