Design a site like this with WordPress.com
Get started

«Մահացած մարդը» Լ.Լուգոնես

Գյուղակում, որում կանգնեցինք մեր սայլերով երկար ժամանակ անբնակ տարածքներում չափումներ կատարելուց հետո, մի եզակի խելագար կար, որի խենթությունը կայանում էր նրանում, որ իրեն մահացած էր համարում:

Եկել էր այնտեղ մի քանի ամիս առաջ, առանց պատմելու, թե որտեղից էր` թախանձագին ու հուսահատորեն խնդրելով, որ իրեն հանգուցյալ համարեն:

Ավելորդ է ասել, որ ոչ ոք չկարողացավ իր ցանկությունը կատարել. որքան էլ որ շատերը իր հուսահատության առջև կեղծեին, արդյունքում դա միայն բազմապատկում էր նրա տառապանքները:

Մեր ժամանելուն պես շտապեց ներկայանալ մեր առջև`  մեզ էլ աղերսելու համար այն, ինչին անհնար էր հավատալ` այնպիսի հուսահատ խոնարհությամբ, որ անշուշտ խղճահարություն էր առաջացնում: Նույնն անում էր բոլոր ճամփորդների հետ, ովքեր երբեմն-երբեմն անցնում էին այդ կողմերով:

Արտասովոր նիհար մի մարդ էր` դեղնավուն մորուքով, փաթաթված ցնցոտիների մեջ, սովորական խելագարի պես: Բայց մեր հողաչափը ինչպես պարզվեց հակում ուներ հոգեբուժության հանդեպ և ուշագրավ անձնավորությանը հարցաքննելու առիթը բաց չթողեց: Վերջինս անմիջապես գլխի ընկավ իմ ընկերոջ մտադրության մասին և ակնարկներն ընդհատեց  խոսքի այնպիսի հստակությամբ, որ ամեն առումով հակասում էր նրա կերպարին:

– Բայց ես խենթ չեմ, – ասաց ակնհայտ հանդարտությամբ, որն, ինչևէ, մասամբ միայն սքողում էր նրա վշտալի հոռետեսությունը, – ես խենթ չեմ և մահացել եմ, իրականում, երեսուն տարի առաջ: Իհարկե: Ինչու՞ եմ մահացել:

Ընկերս ինձ աննկատ աչքով արեց: Խոստումնալից սկիզբ էր:

– Ես ծագումով այսինչ տեղից եմ, անունս Այսինչ է, ընտանիքս գտնվում է…

(Իմ կողմից բաց եմ թողնում այս տվյալները, քանի որ չեմ ուզում վնաս պատճառել նրա մտերիմ կենդանի մարդկանց)

– Ուշագնացություններ էի ունենում` այնքան նման մահվան, որ նախ սարսափեցնելու աստիճան վախեցնելուց հետո, ի վերջո բոլորին ներշնչեցին այն վստահությունը, որ ես դրանիցչեմ մահանա: Որոշ բժիշկներ դա ամենայն վստահությամբ հաստատեցին: Երևի ճիճու ունեի:

Մի անգամ, այնուամենայնիվ, մնացի այդ ուշաթափություններից մեկում: Եվ այստեղ սկսվեց իմ տառապանքի, իմ խելագարության պատմությունը…

Բոլորի միաձայն թերհավատությունը իմ մահվան վերաբերյալ ինձ թույլ չէր տալիս մեռնել: Բնության առջև ես մահացած էի և մահացած եմ: Բայց որպեսզի դա լինի մարդկայնորեն իրական լինի ինձ անհրաժեշտ է մեկ հոգու կամք, որ կհաստատի: Միայն մի:

Հետ եկա իմ ուշագնացությունից վերադառնալու զուտ նյութական սովորությամբ. բայց ես` որպես մտածող էակ, ես` իմ ողջ էությամբ, գոյություն չունեմ: Եվ չկա մարդկային լեզու, որ կարողանա նկարագրել այս տառապանքը: Ոչնչի ծարավը սարսափելի բան է:

Ասում էր այս ամենը հասարակ ձևով, ճշմարտության այնպիսի շեշտով, որ վախեցնում էր:

– Ոչնչի ծարա՜վը: Եվ ամենավատն այն է, որ չեմ կարող քնել: Երեսո՜ւն տարի արթուն: Երեսո՜ւն տարի հավերժ արթմնի ամենայն բանի գոյության և իմ չգոյության առջև:

Գյուղում բոլորն արդեն այս ամենն անգիր գիտեին:

Արդեն գռեհիկ էին դառնում նրա անվերջ կրկնվող փորձերը` ստիպելու հավատալ իր մահվանը: Սովորթւոյուն ուներ քնել չորս մոմերի արանքում: Երկար ժամեր շարունակ անցկացնում էր դաշտում պառկած` դեմքը հողով ծածկված:

Այս պատմությունները մեզ մեծապես հետաքրքեցին, բայց երբ արդեն մտադրվել էինք մեր դիտարկումները համակարգել, անսպասելի հանգուցալուծումը վրա հասավ:

Երկու սևագործ բանվոր, որ պետք է մեզ հասնեին այդ վայրում,  մի քանի ետևում մնացած ջորիների հետ միասին տեղ հասան երրորդ օրվա գիշերը:

Քնած լինելով` նրանց գալը չէինք զգացել, երբ հանկարծ զարթնեցինք նրանց բղավոցներից:

Ահա թե ինչ էր կատարվել.

Խենթը քնած էր մեր իջևանատան խոհանոցում, կամ թվում էր թե քնած է իր մշտական անքնության մեջ. միակ ողորմությունն էր որ համաձայնվել էր մեզանից ընդունել:

Դռնից հազիվ էին ներս մտել, երբ քարացած կանգ առան այդ տեսարանի և սուտ քնածի առջև: Մի ծածկոց ծածկում էր նրան մինչև կուրծքը: Ոտքերը դուրս էին ցցվել մյուս կողմից:

– Հանգուցյա՜լ, – կմկմացին գրեթե միաժամանակ: Նրանք հավատացել էին իրականությանը:

Լսեցին կաշվե տիկի միջից օդ դուրս գալուն նման մի հոգոց: Ծածկոցը տափակեց ասես դրա տակ ոչինչ չլիներ, մինչ երևացող մասերը` գլուխն ու ոտքերը հանկարծ վերածվեցին կմախքի:

Նրանց արձակած ճիչը մեզ երկու ցատկով կանգնեցրեց փալասի դիմաց:

Քաշեցինք ծածկոցը մահացու սարսուռով:

Այնտեղ` քրջերի մեջ, հանգչում էին, առանց խոնավության մի նշույլի անգամ, առանց մսի նվազագույն մասնիկի, հնագույն ոսկորներ` դրանց կպած չորացած կաշվով:

Վերջ