Design a site like this with WordPress.com
Get started

Մեջբերվող ուղղակի խոսք

Լինում է 2 տեսակի՝

  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսք, որ մեջբերվում է ուղղակի
  • բարձրաձայն ասած խոսք, զրույց՝ խոսող-խոսակից։

Մեջբերվող ուղղակի խոսքը անջատվում է հեղինակի խոսքից

  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսքը՝ չակերտներով։ Վերջակետը դրվում է չակերտից հետո։
  • բարձրաձայն ասած խոսքի, զրույց՝ խոսող-խոսակից տարբերակի դեպքում՝ գրվում է նոր տողից, գծիկով։

3.  Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունները բարդ նախադասություննե են։ Ունեն երկու հատված՝ հեղինակի խոսք և մեջբերվող ուղղակի խոսք։ Սա բարդ ստորադասական նախադասություն է, մեջբերվող խոսքը երկրորդականն է։ Սովորաբար այդ երկրորդականի պաշտոնը լինում է ուղիղ խնդիր, լրացնում է գլխավորի ասացական բային՝ ստորոգյալին։

Օր.՝  Արամը մտածեց. «Ես ինքս եմ իմ գլխի տերը, ոչ ոք ինձ հրամայելու իրավունք չունի»։ (ի՞նչ մտածեց՝ ես ինքս եմ… -ուղիղ խնդիր։

Մեջբերվող ուղղակի խոսքի նկատմամբ հեղինակի խոսքը լինում է նախադաս (առաջ հեղինակինը, հետո՝ մեջբերվող խոսքը), միջադաս (հեղինակի խոսքն ընկնում է մեջբերվող խոսքի մեջտեղը), վերջադաս (հեղինակի խոսքը մեջբերվող խոսքից հետո է)։

Օրինակներ՝

  • Նա ասաց.
    -Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս։ (նախադաս)
  • Ես չեմ առարկում,- ասաց Սուրենը,— այդ մասին հայտնիր եղբորդ։ (միջադաս)
  • -Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,- ասաց բժիշկը։(հետադաս)։

Ըստ այդ տեղի՝նախադասությունները կետադրվում են.

  • Նախադաս դիրքում հեղինակի խոսքից հետո դրվում է միջակետ։ Օրինակ՝
  • Վարդանը հիշեց ընկերոջ խոսքը. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում»։
  • Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին։
  • Միջադաս դիրքում հեղինակի խոսքը երկու կողմից անջատվում է ստորակետ գծով (,-)։

Օրինակ՝

  • «Դու բոլորին վստահելով,-հիշեց Վարդանը ընկերոջ խոսքը,- քեզ հարվածի տակ ես դնում»։
  • — Արքա,- եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին։
  • Վերջադաս դիրքում հեղինակի խոսքից առաջ դրվում է ստորակետ գիծ (,-)։

Օրինակ՝

  • «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում» ,- հիշեց Վարդանը ընկերոջ խոսքերը։
  • -Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին ,-եկավ դևն ու հարցրեց։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Կետադրիր տրված նախադասությունները (բոլորը մեջբերվող խոսքով են)

Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս,- երբ հանդիպեցինք։

-Տեսնում եմ անթաքույց դժգոհությամբ,- ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր խոնարհվելով,- շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ճանաչեցի՞ր ինձ,-հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
-Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

2. Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք,-ասաց տանտերն տեսնելով հյուրերին ու ընդառաջ գալով,- բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում, երբ հանդիպեցինք,-ասաց ընկերս։

-Տեսնում եմ անթաքույց դժգոհությամբ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,- ասաց մեզ սպասավորը։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր խոնարհվելով, մի՛ մտածիր անցյալի մասին,-շշնջաց որդին։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին։

-Էհ, չգիտեմ, որդիս,-մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց,- հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Ընչացքդ արդեն սևացել է,-կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,-հարցրեց Սահակը ծերունուն։

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում,- տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց,- չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

-Դու, սիրելի՛ս,- ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ,- լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

3. Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով, և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները, և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը արծաթազօծ պատյանով լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը, և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց.
—Ազնի’վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի’ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում, սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։